Լոնդոն. իմ երազների քաղաք

11 Mar

Արքայազն Չարլզի և նրա կին Քեյթի ամուսնությունից հետո պարզապես այրվում ենք Բուքինգեմյան պալատում լինելու ցանկությունից: Հրաշք շինությունից, Վիկտորիա թագուհու հուշարձանից և գեղատեսիլ այգիներից առավել հետաքրքրում է պալատի դարպասների դիմաց ամեն օր 11.30 տեղի ունեցող պահակազորի հերթափոխությունը: Սա Լոնդոնի ամենահայտնի արարողությունն է: Ասում են` թագավորական անձնակազմի գվարդիականները շարժվելու իրավունք չունեն, նույնիսկ եթե նրանց քիթն է խուտուտ գալիս:)

Բուքինգեմյան պալատին շատ մոտ է Թրաֆալգար հրապարակը` իր գեղեցիկ շատրվաններով: Այստեղ է նաև ծովակալ Նելսոնի հուշակոթողը: Ինչ-որ տեղ կարդացել եմ, թե ինչպես է գիշերները քարե Նելսոնը իջնում պատվանդանից և իր թրով սպանում աղավնիներին տանջող մարդկանց: Իհարկե, այդ արյունարբու տեսարանի ականատեսը չէինք ցանկանա լինել, բայց հուշարձանի շուրջ մշտապես հավաքվող աղավնիներին կերակրելը իրական հաճույք կպատճառեր:

Թրաֆալգար հրապարակում է գտնվում Մեծ Բրիտանիայի Ազգային պատկերասրահը: Արվեստի մեծ գիտակ չենք, բայց լինել Լոնդոնում և չդիտել գեղանկարչության գլուխգործոցների հավաքածուն` աններելի է: Ի դեպ, Թրաֆալգար հրապարակից կարելի է ոտքով հասնել Բիգ Բեն: Այս հսկայի մասին այնքան ենք լսել, որ միայն հետաքրքրությունից դրդված պարտավոր ենք տեսնել Մեծ Բրիտանիայի խորհրդանիշը: Բացի այդ, զբոսնել շատ ենք սիրում:

Այցելությունների հաջորդ կանգառը Վեսթմինսթերյան Աբբայությունն է:   Շեքսպիր, Բայրոն, Կիպլինգ… Դեռ դասագրքերից նրանց դամբարանն այցելելու ցանկություն է եղել: Այստեղ շատերը նույնիսկ զմրսված են գետնի մեջ, այդ պատճառով այցելուները տառացիորեն ոսկորների վրայով են քայլում: Միայն մտածելիս փշաքաղվում եմ:

Թեմզա գետի մյուս ափին է գտնվում Լոնդոնի աչքը` Աշխարհի ամենամեծ անիվներից մեկը: Կյանքում միայն Հաղթանակի զբոսայգու ՙՍատանի անիվ՚ նստած մարդու համար հսկայով օդ բարձրանալը ադրենալինի անասելի հոսք է:

Լոնդոնյան Թաուեր և Թաուեր կամուրջ: Առաջինը Թեմզա գետի վրա կառուցված ամրոց է, որը զբոսաշրջիկներին (այդ թվում և մեզ) գրավում է հատկապես իր թանգարանով. այնտեղ պահվում են բրիտանական թագավորության  գանձերը: Իսկ Թաուեր բացվող-փակվող կամուրջը պարզապես հրաշք է: Դրա վերևի մասով հետիոտները կարող են գետը հատել: Տեսնես կարելի± է պարզապես կանգնել կամրջի վրա ու նայել Թեմզային…

Եվ վերջապես, հայկական մեծ ու փոքր, հին ու նոր, բոլոր հնարավոր և անհնար եկեղեցիները տեսնելուց հետո ինչպես կարելի է չայցելել Սուրբ Պավելի Տաճարը: Այն իր մեծությամբ երկրորդն է աշխարհում:

Ասում են` Լոնդոնում զբոսայգիները հիանալի են` լի տասնյակ թռչուններով ու գազաններով, ովքեր չեն վախենում մարդկանցից:  Առաջին հերթին այցելելու ենք  Հայդ Պարկը: Այն գրավում է ոչ այնքան իր մեծությամբ, այլ հայտնի  Խոսնակների անկյունով (Speakers’ Corner). դա մի տեղ է, ուր մարդիկ քաղաքական թեմաներով բացօթյա բանավեճեր և քննարկումներ են կազմակերպում, և ամենահետաքրքիրը` նրանց ոչ-ոք չի պատժում դրա համար:

Այնքան հետաքրքիր է պարզապես շրջել եվրոպական երկրներից մեկի փողոցներով: Բայց Օքսֆորդ փողոցը հատկապես գրավիչ է: Ոչ, գնումների մասին չենք մտածում. բրենդային հագուստների սրահներից օգտվելու համար բրիտանական թագավորության գանձերն են հարկավոր:) Սակայն շրջել Օքսֆորդով և թեկուզ կողքից հիանալ դրանցով` ոչինչ չի կարող խանգարել:

Իմ նպատակը ոչ թե Ձեզ Լոնդոնի տեսարժան վայրերը թվարկելն էր (դրանք ինձանից լավ կիմանաք), այլ մանրամասն ներկայացնել, թե հանուն ինչի ենք մենք այդքան ուզում մեղրամիսն անցկացնել այնտեղ: Զբոսաշրջիկներն ասում են` 7-10 օրում հնարավոր է հասցնել տեսնել այս ամենը: Ավելին` նույնիսկ ժամանակ կգտնենք համտեսել լոնդոնյան համեղ ՙձուկ և չիպս՚ ուտեստը: Իսկ այդքանից հետո առջևում կմնա մի ողջ կյանք` երեխաներին ու թոռներին մեր լոնդոնյան արկածների մասին պատմելու համար…

Leave a comment