ԷՔՍՊՐԵՍԻՈՆԻԶՄ

15 Aug

20-րդ դարի սկզբներին Գերմանիայում սկիզբ առավ մի շարժում, որը գեղանկարչության մեջ դեմ էր ակադեմիզմին: Դրա նախաձեռնողները Դրեզդենում ՙՄոստ՚ անունը կրող խմբում միավորված ուսանող ճարտարապետներ Կիրխները, Բրեյլը, Հեկելը, Շմիդտ-Ռոտլուֆը և այլք էին: Նրանցից ոչ մեկը գեղանկարչության մեջ փորձ չուներ, և նրանց գեղարվեստական փորձարարությունները հանգեցրին էքսպրեսիոնիզմի ծնունդին` որպես նոր գեղարվեստական ուղղության: Արվեստում և գրականության մեջ այդ նոր ուղղությունը, որն արտահայտվեց 1-ին համաշխարհային պատերազմի և դրանից հետո հեղափոխական ցնցումների ժամանակ, բուրժուական աշխարհի ճգնաժամի զգացողությունն էր: Էքսպրեսիոնիզմը ժամանակաշրջանի սուր հակասությունների հետևանք էր, հասարակական հիասթափության պտուղ, տոտալ օտարվածության դեմ անհատականացված արտահայտություն: Այդ անվանումը խմբի անդամները չտվեցին, այլ քննադատները` բնութագրելով դրա գերակշիռ հատկանիշը – գերլարված,  բարձր հուզականությունը, արտահայտչականությունը:

Ֆրանսերեն еxpression (արտահայտություն) տերմինը առաջին անգամ գործածեց Բեռլինում լույս տեսնող ՙՇտուրմ՚ էքսպրեսիոնիստական ամսագրի հրատարակիչ Վալդենը: Էքսպրեսիոնիզմ տերմինը պետք է բնութագրեր այն արվեստի էությունը, որը իր առջև դրված խնդիրներով ու մեթոդներով հակառակ էր իր հնարավորությունները սպառած նատուրալիզմի և իմպրեսիոնիզմի ուղղություններին:

Էքսպրեսիոնիզմի մեջ արվեստը կարծես ավելի է հեռանում իրականության պատկերումից. գլխավորը հեղինակի սուբյեկտիվ պատկերացումների արտահայտությունն էր: Նկարչի ճչացող ՙեսը՚ հետ է մղում փաստը, ՙպատկերը՚ փոխարինվում է ՙարտահայտմամբ՚: Էքսպրեսիոնիզմի մեջ գերակշռում է իրեն արտահայտելու նկարչի ձգտումը, իր ներաշխարհը` առավելագույն մերկությամբ և սրությամբ: Հաճախ էքսպրեսիոնիստի ներաշխարհը երևում է որպես հակասական, օբյեկտիվ իրականությանն ընդդիմացող, որը նա արտահայտում է կտրուկ աղճատված ձևով: Դա կարող է համադրվել նկարչի անկեղծ ձգտումով` հաստատելու համամարդկային արժեքները, դատապարտել սպառազինությունները, հասարակական անարդարությունը և այլն:

Արվեստի բոլոր տեսակներում էքսպրեսիոնիստների ստեղծագործությունները տարբերվում են նյարդային աններդաշնակությամբ, անբնական համաչափությամբ: Երաժշտության մեջ էքսպրեսիոնիստները դուրս են գալիս տոնայնության, մեղեդիի սահմաններից, փնտրում և ստեղծում են նոր ձայնային համակարգեր (ապատոնայնություն): Էքսպրեսիոնիստական թատրոններում դերասանները հաճախ խաղում էին թեքված բեմական հրապարակներում. լուսարձակի ճառագայթը մթությունից էր հանում հանդիսասրահին դիմող հերոսին: Էքսպրեսիոնիստների գրական ստեղծագործություններում բացակայում էին կենդանի բնավորությունները: Պատահական չէ, որ գրականության մեջ գլխավոր ժանրերը  քնարերգությունն էր և հրապարակախոսական դրաման, որոնք էքսպրեսիոնիստների գրչի տակ վերածվում էին հեղինակի կրքոտ մենախոսության: Հետաքրքրական է, որ իր էության մեթոդը կերպարվեստում էքսպրեսիոնիզմը լիովին դրսևորեց  գրաֆիկայում. աշխարհը դիտվում էր որպես  սև-սպիտակի հակադրություն` չափազանց կտրուկ ու կոտրատված գծերով, դրանց խառնելով դետալների և գույների իրական բազմազանությունը: (Գրոս, Ֆոտելեր, Կիրխներ, Մունկ, Մարկ և այլն):

Հատուկ ուշադրություն պետք է դարձնել գերմանացի էքսպրեսիոնիստների ստեղծագործությանը: Գերմանացի նկարիչները 1-ին համաշխարհային պատերազմից առաջ և հատկապես հետո մեծ ուժով էին արտահայտում իրենց հուսահատությունն ու անհամաձայնությունը, շրջապատող միջավայրի հանդեպ իրենց բողոքը, որը իր արտահայտչաձևերի սրությամբ երբեմն հասնում էր լիակատար ողբերգության: Նրանց  վրա մեծ ազդեցություն ունեցավ նորվեգացի Մունկի և շվեյցարացի Հոդլերի ստեղծագործությունը: Նրանք ցուցադրում էին ձևերի զգայական ընկալման բնազդային չափազանցությունը, որը իմպուլսիվ փոխադրում էին հարթության վրա:

Հեռանալով Վան Գոգից և վճռորոշ քայլ անելով ՙպատկերումից դեպի արտահայտություն՚, էքսպրեսիոնիստները հաստատեցին, որ արվեստը ՙբացարձակ ազատություն է, որը հաղթահարում է իրականության նատուրալիզմն ու իդեալականացումը, բոլոր նախապաշարումներն ու պայմանականությունները և, առաջին հերթին, բարոյականության, հետևաբար և արհեստականորեն անջատված արտաքին ու ներքին  իրականությունը: Իրականությունն արտահայտվում է այնպես, ինչպես այն ընկալում է սուբյեկտը՚:

1-ին համաշխարհային պատերազմի տարիներին էքսպրեսիոնիստների ստեղծագործության գլխավոր թեման հակապատերազմական բողոքն էր: Այն արտահայտվում էր դարաշրջանին բնորոշ ՙվերջի՚ և ՙսկզբի՚ հակադրմամբ, հին աշխարհի կործանման անհրաժեշտությամբ և հեղափոխության շնչի հաղորդմամբ, հեղափոխական շնչով համակված հին աշխարհի կործանման անհրաժեշտությամբ:

Շարունակելի…

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: