ՍՅՈՒՌԵԱԼԻԶՄ

11 Oct

Սալվադոր Դալի

Եվրոպական ավանգարդիստական արվեստում սյուռեալիզմը ամենանշանակալի ու երկարակյաց ուղղությունն էր: Սյուռեալիզմի սահմանումը առաջինը տվեց ֆրանսիացի պոետ Ապոլիները` իր պիեսի ժանրը որակելով որպես սյուռեալիստական դրամա: Սյուռեալիզմը (գերռեալիզմ) ծնունդ առավ Ֆրանսիայում, մի քանի անգամ ճգնաժամ ապրեց, անցավ 2-րդ աշխարհամարտի միջով և հետզհետե ձուլվելով մասսայական մշակույթի հետ` դարձավ հետմոդեռնիզմի բաղկացուցիչ մասը:

Սյուռեալիզմի տեսաբանները նոր գեղարվեստական իրականության ստեղծման հետ հույսեր էին կապում, որն ավելի իրական էր, քան շրջապատող աշխարհը: Նրանց կարծիքով սյուռեալիզմը աշխարհի վրայից հանում է ծածկույթը, ստեղծում է իսկական, ոչ ճշմարտանման իրականություն` սյուռեալականություն: Այստեղից էլ` կախարդականի, հրաշալիի բացարձակացումը ու նրա այլափոխումը մարդու և աշխարհի գեղագիտական հարաբերության կատեգորիայի: Ֆրանսիական սյուռեալիզմի առաջնորդ Բրետոնը գրում էր. ՙՍյուռեալիզմը մաքուր ֆիզիկական ավտոմատիզմ է, որով մենք ձգտում ենք խոսքի կամ գեղանկարչության մեջ արտահայտել մտածողության իսկական ֆունկցիան: Այդ մտածողությունը թելադրված է սթափ դատողության հսկողության լիովին բացակայությամբ և դուրս է բոլոր գեղագիտական ու բարոյական նորմերի սահմաններից: Գերռեալականության ռեալությունը, խորհրդավորության ճշմարտացիությունը, վիրավորանքի անհավանականությունը դառնում է նկարչի գլխավոր թեման:

Սյուռեալիստները գտնում էին, որ ստեղծագործական եռանդը գալիս է ենթագիտակցությունից, որը դրսևորվում է քնի, հիպնոզի, հիվանդագին զառանցանքի, հանկարծահաս պայծառատեսության, ավտոմատ (ինքնաբերաբար) գործողությունների ժամանակ:

Սյուռեալիզմը հիմնականում ընթանում էր երկու ուղղությամբ: Որոշ նկարիչներ գեղանկարների ստեղծման ընթացքում հիմնվում էին ենթագիտակցության վրա, որոնցում գերակշռում էին ազատ հոսող կերպարները, ազատ ձևերը, որոնք վերածվում էին աբստրակտի (Էռնստ, Մասոն, Միրո): Սյուռեալիզմի մյուս ուղղությունը, որը գլխավորում էր Դալին, հիմնվում էր իռեալ կերպարի ընկալման պատրանքային ճշգրտության վրա, որը գալիս է ենթագիտակցությունից: Դալիի կտավները աչքի են ընկնում մանրակրկիտ վարպետությամբ, լույսի ու ստվերի ճշգրիտ հաղորդմամբ, ձևեր, որոնք հատուկ են ակադեմիական գեղանկարչությանը: Հանդիսատեսը, տրվելով պատրանքային գեղանկարչության համոզչականությանը, ներքաշվում է խաբեության և անլուծելի հանելուկների լաբիրինթոսը. կարծր առարկաները հոսում են, նյութեղեն առարկաները ձեռք են բերում թափանցիկություն, անհամատեղելի օբյեկտները միաձուլվում են ու դառնում շրջուն, զանգվածեղ տարածությունները դառնում են անկշռելի, և այս ամենը իրականության մեջ ստեղծում է անհնարինի կերպարը: Սյուռեալիզմի ընդհանուր առանձնահատկությունները աբսուրդի ֆանտաստիկան է, ձևերի հակասական համադրությունը, տեսողական անկայունությունը, կերպարների փոփոխականությունը:

Էռնստ, "Ընկերների հանդիպմանը"

Սյուռեալիստների գլխավոր նպատակը ենթագիտակցության միջոցով նյութականի սահմանափակումներից բարձրանալն է և, ինչպես իդեալական աշխարհում, շարունակական պայքարը ստեղծագործաբար ուժասպառված բուրժուական քաղաքակրթության հոգևոր արժեքների դեմ:

Այդ ուղղությամբ ստեղծագործողները իրենց կտավներում ցանկանում էին ստեղծել այնպիսի իրականություն, որը չէր արտացոլում իսկական իրականությունը, թելադրված էր ենթագիտակցությամբ, որը երբեմն գործնականում հասնում էր ծայրահեղության` պաթոլոգիապես վանող կերպարների:

Դրանք իրենց սրությամբ երևում են հատկապես այն ժամանակ, երբ սյուռեալիստները նմանակում են երեխաների, հոգեկան հիվանդների, նախամարդու ստեղծագործությունները: Ընդհանրապես նրանց ողջ ստեղծագործությունը ամենաբարդ ասոցիացիաներն է առաջացնում: Մեր ընկալմամբ նրանք միաժամանակ կարող են նույնացնել չարը բարու հետ: Սարսափազդու տեսարանները և հովվերգական անուրջները, կատաղությունն ու համակերպվածությունը, հուսահատությունն ու հավատը` այս ամենը շատ ակտիվ ներգործություն է ունենում հանդիսատեսի վրա: Սյուռեալիստական որոշ աշխատանքներ ի վիճակի են խթանել գիտակցությունը, արթնացնել ասոցիատիվ երևակայություն` չնայած իրենց ողջ աբսուրդին և երբեմն նույնիսկ` տարօրինակությանը:

Սյուռեալիզմում կիրառվող հիմնական հնարքներն են.

  •          ավտոմատիզմը,
  •          խաբկանքների օգտագործումը,
  •         երազային կերպարները:

Սյուռեալիզմի գեղարվեստական կոնցեպցիան անձի և աշխարհի սահմանների վերացումն է: Որոշակի ոչինչ չկա, ամեն ինչ աղճատված է, միաձուլված, տարածված: Աշխարհը երևույթների անկանոն զանգված է, անձը չգիտի որտեղից է սկիզբ առնում ու վերջանում իր ՙեսը՚, որտեղ է աշխարհը և, ընդհանրապես, ինչ է այն իրենից ներկայացնում:

20-ական թթ. սյուռեալիզմը ճգնաժամ ապրեց: Դրա առաջնորդներ Բրետոնը և Արագոնը եկան այն հավակնոտ համոզման, որ սյուռեալիզմը տոտալ հեղափոխական շարժում է: Հնարավոր է, որ այդ ճգնաժամից նա դուրս եկավ այն բանի շնորհիվ, որ դադարեց իրեն ընկալել որպես մաքուր գաղափարական համակարգ` այդպիսով ի հայտ բերելով այնպիսի տաղանդավոր նկարիչների, ինչպիսիք բելգիացի Ռենե Մագրիտն ու իսպանացի Սալվադոր Դալին են: Ուշ սյուռեալիզմի գեղանկարչության մեջ արդեն խոսք չկա ավտոմատիզմի մասին. նրանց կտավներում առկա են հստակ արտահայտված կոմպոզիցիան:

Անկապի կապակցման նուրբ տեխնիկան, ինքնահեգնանքը և հեգնանքը հնարավորություն ընձեռեցին սյուռեալիզմին հանդարտ մուտք գործել ժամանակակից հետմոդեռնիզմ:

Շարունակելի…

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: