1 ՕՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԿՅԱՆՔԻՑ

11 Jun

“Ես քնից վեր թռա դեմքիս վրա ինչ¬որ առարկայի սառը հպումից ու տեսա ինձ վրա խոնարհված հաստաշուրթ ու հաստավիզ հրամանատարիս պղտոր հայացքը:  ՙԵրևի էլի ողջ գիշերը լակել է՚,¬ անցավ իմ մտքով: Հեռացրեցի ավտոմատի փողն ու ասացի. ՙԼսում եմ, ընկեր հրամանատար՚:  ՙՎախեցար, այծ,¬ հռհռաց նա:¬ Գնա ճպուռիկը գործի գցիր: Տեղ ենք գնալու՚:

մի սպանեք եղնիկներին

Քիչ հետո կազմ ու պատրաստ նստած էի ուղղաթիռում: Ես զինվորական օդաչու եմ, ու այդ ժամանակ աշխատում էի Սիբիրի տեղամասերից մեկում: Լույսն արդեն բացվել էր, երբ հրամանատարս եկավ իր երկու հարբած բաժակակիցների հետ: Դրանք էլ էին բարձրաստիճան սպաներ: Բոլորի ձեռքներին ավտոմատ կար ու գարեջրի շիշ: Ժամանակ առ ժամանակ շշերը դնում էին բերանները և գոհունակությունից չփփացնում: ՙՈւր ենք գնալու՚,¬ հարցրեցի ես: ՙՈչ մի տեղ: Պտտվիր տայգայի վրայով: Մի թռչնակ եմ ուզում բռնել… Ուզում եմ, որ ինձ սիրի՚,¬ նորից հռհռաց  հրամանատարս:

Ճիշտն ասած նրա տափակ կատակներից սիրտս ավելի էր խառնում, քան վրայից փչող ալկոհոլի հոտից: Մենք վեր բարձրացանք, ու ներքևում փռված տայգան այդ օրը ինձ ավելի վեհաշուք ու խորհրդավոր թվաց: Մի տեսակª ազնվական, մանավանդ` այդ երեքի ֆոնի վրա:

Հանկարծ նրանք բացեցին դուռը, ոտքերը կախ գցեցին ու հարմար դիրք ընդունեցին լավ կրակելու համար… Եղնիկ էին տեսել: Նրանք անկանոն կրակահերթ էին արձակում ու իրար ցուցումներ տալիս, թե ինչպես կարելի է ՙդրա՚ հարցերը շուտափույթ լուծել:

Թե ինչ էր կատարվում ինձ հետ` անհնար է նկարագրել: Կյանքում շատ բան է իմ գլխով անցել, բայց այսպիսին… Ուզում էի ուղղաթիռը ցած գցել, ուզում էի խլել ավտոմատները ու դրանց շանսատակ անել, ուզում էի գոռալ, որ եղնիկը թաքնվի: Բայց խեղճը վախեցած ու շվարած դեսուդեն էր վազում բացատումª հակառակի պես ամենատեսանելի տեղում: Քիչ հետո նա ընկավ, ու այդ հրեշներն էլ ինձ հրամայեցին վայրէջք կատարել:

Նրանք դուրս թռան ու վազեցին եղնիկի կողմը, ես էլ ճոճվելով մի կերպ իջա ուղղաթիռից: Փորձում էի ինքս ինձ հավաքել: Բավական ժամանակ անցավ, բայց դրանք չէին երևում: Գնացի նրանց կողմը, ու սարսափեցի իմ առջև բացված տեսարանից… Այդ աչքերը, մեռնող եղնիկի աչքերը: Երբեք չեմ մոռանա… Այդ հրեշները շնթռկած էին ծառի հովին, մի հովվաշուն էլ հսկում էր նրանց: Անտառապահը լսել էր կրակոցների ձայնը ու շան հետ վազել այդ ուղղությամբ: Նա արդեն վիրակապել էր եղնիկին ու ցավազրկող դեղ ներարկել: Մենք գրկեցինք եղնիկին ու դրեցինք ուղղաթիռի մեջ: Անտառապահը շանը հրամայեց հսկել դրանց, վերցրեց ավտոմատները, որ նրան չվնասեն, ինձ էլ հայտնեց անասնաբուժական սանտեղամասի կոորդինատները: Շուտով վայրէջք կատարեցինք սանտեղամասի մոտ: Անասնաբույժները շտապ տարան եղնիկին վիրահատելու, իսկ մենք վերադարձանք բացատ: Այդ երեքին մի կերպ դրեցինք ուղղաթիռի մեջ ու հրաժեշտ տվեցինք իրար: Ես դրանց բերեցի մեր զինվորական տեղամասը, իսկ որոշ ժամանակ անց սկսվեց այս պատմության ամենաքստմնելի մասը:

Մեծ աղմուկ բարձրացավ: Վայրի բնության պահապանները թերթում հոդված հրապարակեցին, դատի տվեցին այդ երեքին, բայց չկարողացան նրանց մեղքն ապացուցել: Բացի ինձանից ոչ ոք չէր տեսել կրակողներին: Այդ երեքն էլ ողջ մեղքը բարդեցին ինձ վրա. իբր ես հոգեկան անհավասարակշիռ վիճակում ավտոմատի սպառնալիքով նրանց ստիպել եմ նստել ուղղաթիռ, որպեսզի ցույց տամ, թե ինչ հմտությամբ եմ միաժամանակ վարում ուղղաթիռն ու որս անում: Բայց ինձ համար միևնույն էր, կդատեն ինձ, թե` ոչ: Բնապահպանների հոդվածը էլ ավելի էր խորացրել իմ հոգեկան ցնցումը: Պարզվում է, որ խփված եղնիկը քսան տարուց ավելի գրանցված էր ՙՌուսաստանի սև գրքում՚, և նրանց զարմանքին ու զայրույթին չափ ու սահման չկար: Եղնիկի այդ ենթատեսակը, որին անհետացած էին համարում, շարունակել էր բազմանալ:

Այդ հրեշները, տեսնելով որ ես որևէ դիմադրություն ցույց չեմ տալիս ու հանգիստ ընդունում եմ իմ ՙմեղքը՚, փափկեցին ու այնպես սարքեցին դատը, որ ի վերջո դատարանի վճռով ես պետք է հոգեբուժարանում բուժվեի: Իզուր էր անտառապահը ջանում ապացուցել իմ անմեղությունը: Ես իրոք ոչ մի ցանկություն չունեի ապրել իրենց օրինավոր համարող մարդկանց մեջ: Ավելի լավ էր հանցագործների կամ խելագարների հետ ապրել: Նրանք գոնե չեն կեղծում…

Այստեղ հոգեբուժարանի գլխավոր բժիշկը ինձ զննեց, տեսավ, որ հոգեկան հիվանդ չեմ, այլ ընդամենը խորը ցնցում եմ ապրել, որոշ դեղերի ու հատկապես զրույցների միջոցով ինձ հանեց այդ վիճակից: Ես առանձին հիվանդասենյակում եմ ապրում: Նա ինձ համար մասնագիտական շատ գրքեր ու դասագրքեր է բերել, համակարգիչ է տեղադրել: Ինտերնետում էլ տեսա ողջ մնացած եղնիկին վազվզելիս: Դա էլ ինձ շատ օգնեց: Նրա կարգավիճակը հիմա փոխվել է. գրանցվել է ՙԿարմիր գրքում՚: Ես հիմա պարապում եմ, որ այստեղից դուրս գալուց հետո ընդունվեմ ինստիտուտ ու ավարտելուց հետո դառնամ վայրի բնության պահապան:

Վերջում ուզում եմ դիմել բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են եղնիկ խփել: Մի կրակեք եղնիկների վրա: Գուցե դուք ընդամենը մի եղնիկ չեք սպանում, այլ մի ամբողջ տեսակ եք ոչնչացնում…՚

Երիտասարդը ավարտեց պատմությունը և հոգեբուժարանի աշխատողի ուղեկցությամբ դուրս եկավ սենյակից: Ես անջատեցի հեռուստախցիկը, ու իմ հոգեբույժ ընկերոջ հետ նստեցինք… լռելու: Բառերը խրվել էին իմ կոկորդում: Սա այն դեպքը չէր, երբ երկար ընդմիջումից հետո երկու մտերիմ ընկեր հանդիպում են, մի կտոր հաց ուտում ու զրուցում:

Իրոք բացառիկ զգայուն ու բարձրակարգ մասնագետ է իմ հոգեբույժ ընկերը: Իմանալով, որ ես իրական պատմությունների վրա հիմնված մեծ հեռուստահաղորդում եմ պատրաստում վայրի բնության պահպանության մասին, հրավիրեց ինձ մի օր իր հետ անցկացնել հոգեբուժարանում ու նկարահանել այդ օդաչուին: Ասել` թե այդ օրը շատ արդյունավետ անցավ ¬ նշանակում է ոչինչ չասել: Երբեմն ապրածդ մի օրը քեզ այնքան իմաստուն է դարձնում, ասես մի ողջ կյանք ես ապրել:

Մութն արդեն ընկել էր, երբ վերադարձա տուն ու նստեցի համակարգչի առջև: Ես հրապարակախոս եմ: Դա է իմ աշխատանքը: Եվ շուտով  շատ¬շատերը հեռուստաէկրաններից, հետո նաև ինտերնետից, կիմանան այն հրաշալի բժշկի մասին, որն իր կարիերան վտանգելով խախտել է օրենքները, որպեսզի փրկի այն երիտասարդ օդաչուին, կիմանան այն ահավոր պատմության մասին, որ մեկ տարի առաջ տեղի է ունեցել այդ զինվորական տեղամասում:

Իմ հոգեբույժ ընկերոջ հետո անկացրած այդ մեկ օրվա մասին գրելիս ես հանկարծ մի հետաքրքիր զուգահեռ նկատեցի. մի կողմից` իմ ընկերոջ, այն երիտասարդ օդաչուի, անասնաբույժների, անտառապահի ու նրա շան անցկացրած մեկ օրը, մյուս կողմից` այն երեք բարձրաստիճան սպաների անցկացրած մեկ օրը: Բոլորն էլ բարձրակարգ մասնագետներ են, պարզապես ոմանք ավերում են, ոմանք` արարում:

Ու եթե թեկուզ մի ՙմարդ՚ այլևս վայրի կենդանի չսպանի, ուրեմն մեր բոլորի աշխատանքն իզուր չի անցել… Այո, մարդկայնությունը մասնագիտություն չէ, բայց երբեմն դա այնպես պետք է մասնագետներին: Մարդկային լինելը բոլորովին դժվար չէ: Ուղղակի պետք է վայրի կենդանիներին չսպանել:

Հ.Գ. օրերս կներկայացնեմ այս ակնարկի ռուսերեն տարբերակը` ավելի ամբողջական ավարտով…

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: