՛՛ԱՆՆՈՐՄԱԼԸ՛՛

22 Feb

Տղան հարմար տեղավորվեց հոգեբանի դիմաց ու սկսեց իր պատմությունը:

– Ես անհույս սիրահարված եմ Նեֆերտիտիին ու ամբողջ հոգով ատում եմ նրա ամուսնուն` Էհնաթոնին: Այդ տականքը… ներեցեք… վռնդել է այդ իմաստուն, աստվածային գեղեցկության տեր կնոջը, ինչ է թե իրեն արու զավակ չի պարգեւում, եւ ամուսնացել քառակուսի դեմքով մի պլեբեյի հետ:

 

Ես հնագետ եմ: Բազմաթիվ նամակներ եմ գրել Բեռլինի թանգարանի ղեկավարությանը, որ ինձ թույլատրեն տեղադրել Նեֆերտիտիի երկրորդ աչքը, բայց նրանք չեն համաձայնվում: Ու հանկարծ համաձայնեցին: Մի փաստարկ նրանց համոզեց. նոր մարդկային հոսքը, որը կգա դիտելու երկակնանի Նեֆերտիտիին:
Ես նաեւ աչքի նյութն ունեմ` սեւ ծառը: Շրջել եմ Եգիպտոսում, գտել այդ ծառը եւ դրանից ճյուղեր բերել, քիմիական լուծույթներով “հնեցրել”…

Հիմա թանգարանի ղեկավարության հրավերով պետք է գնամ Բեռլին: Միայն մի բան է ինձ անհանգստացնում, որ բիբը տեղադրելիս հանկարծ ձեռքս չդողա: Չէ՞ որ դա միակ սերտ շփումն է լինելու իմ սիրած կնոջ հետ:

– Չի դողա,- վստահ ասաց հոգեբանը:

– Ես չեմ կարողանում ուրիշի սիրել,- շարունակեց երիտասարդը: – Իմ ողջ ուշադրությունը սեւեռված է բոլոր ժամանակների ու ազգերի ամենագեղեցիկ կնոջը: Այնքան եմ ամաչում:

– Կարիք չկա: Ամեն մեկս էլ մեր գաղտնիքներն ու ծածուկ ցանկություններն ունենք: Դուք ոչ մեկից չեք տարբերվում:

– Իրո՞ք: Իսկ ես կարծում էի, թե միայն ինձ նման աննորմալը կարող է սիրահարվել երեքուկես հազար տարի առաջ ապրած կնոջը:

– Ի՞նչ եք ասում,- քմծիծաղ տվեց կինը: – Դուք միակը չեք: Քսանհինգ տարեկանում ես հանդիպում էի իմ ապագա ամուսնու հետ: Այնքան խոր ու մտերիմ սիրով էինք կապված: Ու հանկարծ ձեռքս ընկավ Զորգեի կենսագրությունը… Այդ օրվանից քուն ու դադար չունեի: Ես սիրահարվեցի նրան, ուզում էի վերջ տալ մեր հարաբերություններին…

– Եվ ինչո՞վ այդ ամենն ավարտվեց:

– Ես չդադարեցի նրան սիրելուց, բայց ամուսնուցս էլ չհրաժարվեցի: Հասկացա, որ ամեն ժամանակաշրջան իր հերոսներն ունի: Հիմա մենք մի լավ աղջիկ ունենք: Դուք իրոք միակը չեք: Հերակլեսը սիրահարվել է իր սպանած թագուհուն, համակենտրոնացման ճամբարի հրեուհին սիրահարվել էր իրեն տանջող դահճին: Մի ռուս երիտասարդ սիրում էր վաղամեռիկ Աննա Գերմանին: Ռուդոլֆո Վալենտինոյի գերեզմանին երեսուն տարի շարունակ նրան սիրահարված կանայք ծաղիկներ են դրել: Ահա այսպիսի վիճակագրություն,- հառաչեց հոգեբանը:

Երիտասարդը հրաժեշտ տվեց կնոջը եւ խոստացավ Բեռլինից վերադառնալուց հետո կրկին այցելել: Մուտքից դուրս գալիս՝ թեթեւակի բախվեց մեկին: Հայացքը բարձրացրեց ու տեսավ մի հմայիչ աղջկա: Շատ նման էր հոգեբանին: “Հավանաբար աղջիկն է”,- անցավ նրա մտքով: – “Իրոք լավ է, որ ժամանակին չի հրաժարվել ամուսնուց”:

– Ներեցեք,- ասաց երիտասարդը: – Մտացրիվ էի, չնկատեցի:

– Ոչինչ,- ասաց աղջիկը: Նա ուզում էր վեր բարձրանալ, բայց տղան նրան կանգնեցրեց.

– Դուք հավանաբար հոգեբանի աղջի՞կն եք:

– Այո: Իսկ ի՞նչ կա: Մայրս տանը չէ՞ր:

– Տանն էր: Մենք զրուցեցինք: Բայց հետո էլի պետք է գամ ձեր տուն:

– Խնդրեմ:

– Իսկ դուք տանը կլինե՞ք:

Աղջիկը ծիծաղեց ու աստիճաններով վեր բարձրացավ:

…Մի քանի ամիս անց երիտասարդն ու նրա կինը` հոգեբանի աղջիկը, իրենց մեղրամիսը Գերմանիայում անցկացնելու հատուկ հրավեր ստացան Բեռլինի թանգարանից: Նրանք հրավիրված էին մասնակցելու այն ցուցասրահի վերաբացմանը, որտեղ տեղադրված էր Նեֆերտիտիի կիսանդրին:

Թանգարանի մուտքի մոտ մարդկային օվկիանոս էր ալեկոծվում: Բոլորն անհամբեր սպասում էին, թե երբ կտեսնեն ավելի գեղեցկացած Նեֆերտիտիին: Իր բացման խոսքում թանգարանի տնօրենը հատուկ շնորհակալություն հայտնեց երիտասարդին, որ նա գլխի է ընկել տեղադրելու երկրորդ աչքը եւ որ շատ համառ է գտնվել:

…Հոգեբանը գիտեր, որ վաղ թե ուշ երիտասարդի ոգեղեն սերը կփոխանցվի որեւէ հողեղեն աղջկա, ու չէր սխալվել: Հոգեբան է, չէ՞:

Հասմիկ Պողոսյան

Հ.Գ. Այս պատմվածքով մայրս հաղթել է մրցույթներից մեկում…

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: